46 գերի դեռ Ադրբեջանում կալանքի տակ է. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ լիագումար նիստին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

արուս

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:

Պատգամավորը  նշել է, որ արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի և չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ:

«Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որևէ իրավական հիմքի և մարդու իրավունքների՝ Ժնևի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ:

Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի և գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ ու գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը:

Հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգային  մարդասիրական իրավունքի և, առհասարակ, մարդու իրավունքների  կոպիտ խախտում է:

Ցանկանում եմ ընդգծել ևս մեկ անգամ, որ անկախ գերեվարվելու ժամկետից՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք  իրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են ու պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին»,-ասել է նա:

Պատգամավորը նշել է, որ բռնի անհետացումների այս դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և  Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները:

Ջուլհակյանն ընդգծել է՝ Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:

--00—ԼՄ