Ադրբեջանցիները գիշերը խոշոր լուսարձակներով թիրախավորում են գյուղի տները՝ վախի մթնոլորտ ստեղծելով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

«ՀՀ սահմանամերձ բնակավայրում անվտանգությունն անհրաժեշտություն է, մարդիկ պետք է ապահով ապրեն իրենց ծննդավայրում և չդառնան ահաբեկչության զոհ, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիայի ենթարկել քաղաքացիներին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով սահմանամերձ համայնքներ իր այցելության և արձանագրած խնդիրների մասին:

«Բնակիչներից մեկը պատմեց, որ դաշտը մշակելիս է եղել, երբ ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ հեռացի, ու նա ստիպված լքել է դաշտը, ասում է՝ կամ պետք է մնայի կռվեի, կամ ես մահանայի, կամ ադրբեջանցին, բայց իրենք շատ են եղել: Փաստացի, բնակիչը զրկված է իր սեփականության և հողը մշակելու իրավունքից, սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա:

Սոթքում բնակիչներն ահազանգեցին, որ ադրբեջանցիները գիշերը խոշոր լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տները՝ վախի մթնոլորտ ստեղծելով: Նշեմ նաև, որ Նորաբակ գյուղը մատակարարող ջրատարներն Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում, Վարդենիսից են ջուր բերում, նման խնդիր երբեք չի եղել»,-նշեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանը նաև ընդգծեց, որ եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, պետք է բարձրաձայնվի նաև Արցախի ապաշրջափակման մասին՝ Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհի փակ լինելու խնդիրը պետք է դառնա բանակցության թիվ մեկ հարցը:  

Մանրամասները՝ տեսանյութում։