Արտերկրից ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

դոլար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 77 միլիոն 287 հազար դոլար:

Նկատենք, որ, նոյեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 14 մլն 248 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դեկտեմբերին տրանսֆերտները շարունակել են նոյեմբեր ամսվա համեմատ ավելանալ: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը դեկտեմբեր ամսին կազմել է 37 մլն 921 հազար դոլար։

Այս ցուցանիշը, 2021 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ, թեկուզ չնչին, բայց աճել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե նախորդ տարվա նոյեմբերին այն կազմել է 33 մլն 211 հազար դոլար, ապա դեկտեմբերին դարձել է 44 մլն 212 հազար դոլար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ