Ինչի՞ համար եք գնացել ԱԺ․ Էդգար Ղազարյանը՝ ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Քաղաքական

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախագահի թեկնածու չառաջադրելն ամենասխալ որոշումն է։ Այս մասին 24News-ին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

«Ես ի սկզբանե հայտարարել էի, որ ամենասխալ որոշումը կլինի այն, որ ընդդիմությունը թեկնածու չառաջադրի։ Ես չէի կենտրոնացել իմ անձի վրա՝ խնդիրը համարելով անանձնական պայքարի դրսևորում։ Կարծում էի՝ ընդդիմության համակիրների, աջակիցների շարքում կային տասնյակ, նույնիսկ հարյուրավոր թեկնածուներ, որոնք կարող էին օգտակար լինել պայքարի այս փուլում», - նշեց արտակարգ և լիազոր դեսպանը։

Այսօր «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը հայտարարություն տարածեցին, որ քննարկել են նախագահի թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն «ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը»:

Փետրվարի 2-ին Ղազարյանը 24News-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստակամություն է հայտնել առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ փակագծեր չբացելով, թե ընդդիմադիր որ պատգամավորների հետ է խոսել այս թեմայով։

«Երբ ընդդիմությունը մասնակցեց ընտրություններին, ամենասկզբից հարց էր դրված՝ մանդատները վերցնե՞ն, թե՞ չէ, երկար ժամանակ այդ հարցը քննարկվում էր։ Եվ երբ որոշեցին մանդատները վերցնել, հիմնավորեցին միայն նրանով, որ ԱԺ պատգամավոր լինելն իրենց տալիս է լրացուցիչ լիազորություններ, հնարավորություններ այս իշխանությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ շարունակելու համար, այսինքն՝ գալիս են ԱԺ՝ օգտվելու լրացուցիչ գործիքակազմից։ Հիմա այդ գործիքակազմից են, որ դու ելույթներ ունենաս, մասնակցես նիստերին, քո թեկնածուներին առաջադրես ու պաշտպանես, հարցեր տաս կառավարությանը և այլն։ Եթե դուք գնացել եք այնտեղ ու ձեր գործիքակազմից չեք օգտվում, բա էլ ինչի՞ համար եք գնացել», - ընդգծեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։

«Հիմա ո՛չ պառլամենտում են պայքար իրականացնում, ո՛չ էլ պառլամենտից դուրս, այդ դեպքում իրենք ի՞նչ ընդդիմություն, ստացվում է, որ իշխանության աջակիցներն են։ Իշխանությունը թեկնածու [նախարար Վահագն Խաչատուրյանին] է առաջադրում, իրենք չեն առաջադրում, որ այդ թեկնածուն առաջադրվելիս խոչընդոտներ չունենա, ես այդպես եմ հասկանում։ Որովհետև եթե ընդդիմությունը թեկնածու առաջադրեր, հակառակը, պետք էր ենթադրել, որ իշխանական պատգամավորների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կընտրեին իրենց նախընտրած թեկնածուին», - շարունակեց նա։

Ըստ նրա՝ ի վերջո, թեկնածության առաջադրումն այսօր էր, բայց քվեարկությունը 20 օր հետո է, 20 օր քաղաքական միջավայրի աշխատանք գոյություն ուներ։ «Կարելի էր ակնկալել, որ իշխանության պատգամավորները կընտրեն ընդդիմության թեկնածուին։ Չի՞ եղել այդպիսի բան, Ֆելիքս Ցոլակյանը չի՞ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Կամ նախկին 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության մեջ չե՞ն եղել պատգամավորներ, որոնք դուրս են եկել խմբակցությունից, իսկ հիմա ընդդիմության շարքերում են։ Կարելի էր ակնկալել, որ նույնը հիմա կլինի»։

«Կարո՞ղ են ընդդիմադիրները որևէ ձևով բացատրել՝ ինչո՞ւ են Իշխան Սաղաթելյանին առաջադրել ԱԺ փոխնախագահի պաշտոնում, բայց չեն ուզում որևէ մեկին առաջադրել նախագահի պաշտոնում։ Իմ կարծիքով՝ ամենասխալ, ամենաանմիտ որոշումն են կայացրել։ Արմեն Գևորգյանը, Վահե Հակոբյանն ընտրվել են հանձնաժողովի նախագահներ, ընդդիմությունն ունի հանձնաժողովների փոխնախագահներ: Ինչո՞ւ են առաջադրել թեկնածու, Արթուր Ղազինյանին 15-րդ անգամ առաջադրել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Ղազինյանին 15 անգամ առաջադրելը հիմնավո՞ր է, մի անգամ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելը հիմնավոր չէ՞։ Քաղաքականապես ամենասխալ որոշումն են կայացրել և ըստ էության աջակցություն են ցուցաբերում իշխանությանը, ես այդպես եմ ընկալում այդ որոշումը», - եզրափակեց Էդգար Ղազարյանը։

--00--ԿԿ