Դանակահարություն գիշերային ակումբի դիմաց. բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News

դանակահարություն

Երեկ՝ փետրվարի 4-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 
 
Ժամը 05:00-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից հետին անօթային գծով կրծքավանդակի ծակած վերք» և «ձախից գլխի ճակատային շրջանի կտրած վերք, ձախից հետին անօթային գծով, մեջքի գոտկային շրջանի, աջից ազդրի հետին մակերեսի երրորդականի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
 
Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 25-ամյա Նարեկ Վարդանյանը: Վերջինս այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզությոան և համայնքային  ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջիններս գտնվել են Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանա» գիշերային դիսկո-ակումբում, որից հետո ակումբի դիմացից նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող առարկաները հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱՀ