Պարեկները շրջայցի ժամանակ գողության դեպք են կանխել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Հատկապես գիշերային ժամերին հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում ոստիկանական կարգախմբերի շրջայցերն առանցքային նշանակություն ունեն, հնարավորություն են ընձեռում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու:

Նման աչալուրջ ծառայության շնորհիվ փետրվարի 4-ին ՊԾ Երևանի գնդի ոստիկանները գողության հերթական դեպքը կանխեցին:

Ժամը 3.30-ի սահմաններում Ազատության հրապարակում, շրջայցի ժամանակ, պարեկները նկատել էին երկու տղամարդու, որոնք բացել էին սուրճի վաճառակետի սառնարանի դուռը և փորձում էին գողություն անել:

Բռնել էին նրանց և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բաժնում պարզվեց բերման ենթարկվածների ինքնությունը. մեկը Մյասնիկյան պողոտայի բնակիչ էր՝ 35 տարեկան, մյուսը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից՝ 32 տարեկան:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00--ՍԳ