Երկրի ղեկավար կազմն այց անելիս չպետք է լինի 16 ժամ չքնած․ Սիմոնյանը՝ բիզնես դասով ԱՄՆ մեկնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

ամն

Կարելի էր ընդհանրապես մասնավոր ինքնաթիռով գնալ, կարելի էր ընդհանրապես վրանում ապրել և կարելի էր ընդհանրապես չգնալ: Այս մասին parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել բիզնես դասի ավիատոմսով, որի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ, եւս կես միլիոն դրամ փոխանցվել է ձեր գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ:

Հարցին, թե չէ՞ր կարելի ավելի համեստ ծախսեր անել, նա արձագանքել է. «Ես համարում եմ, որ այդ խոսակցությունն այլևս տեղին չէ, որովհետև ԱՄՆ ժամանելուց հետո հենց առաջին ժամերին ունեցել եմ գործնական հանդիպումներ: Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ համարում, որ երկրի ղեկավար կազմը աշխատանքային այց անելիս պետք է լինի 16 ժամ ինքնաթիռում չքնած ու դրանից հետո գնա բանակցի: Ես համարում եմ, որ դա ճիշտ է, և ուզում եմ ասել, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, ունենալու են պայմաններ, որտեղ հնարավոր է լինելու աշխատել: Օրինակ, երբ Մոսկվա ես թռչում, դրա կարիքը չկա, որովհետև կարճ է թռիչքը: ԱՄՆ մեր ուղևորությունը տևել է 24 ժամ, այսինքն՝ մենք 24 ժամ ճանապարհին ենք եղել: Այստեղից մեկ այլ երկիր ենք գնացել, այնտեղ սպասել ենք, հետո շարունակել ենք: Բայց ես ԱՄՆ-ում պետք է հանդիպումներ ունենայի և ես չէի կարող հանդիպումների ժամանակ քնել: Ինչ վերաբերում է գիշերակացին, այն որևէ ձևով չի տարբերվում հասարակ միջին գիշերակացից: Ընտրվել է միջին դասի հյուրանոց, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում: Համարում եմ, որ ավելի լավ պայմաններ պետք է ստեղծվեն, որ այն մարդիկ, որոնք գնում են աշխատելու, հնարավորություն ունենան նաև հանգստանալու»:

--00—ԼՄ