Վիգեն Սարգսյանը որեւէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ. քրեական գործից անցել է 3 տարի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Վիգեն Սարգսյան

Շուրջ երեք տարի քննվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցումներին ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործը հարուցվել է 2019թ ապրիլի 12-ին։ Պաշտոնական հաղորդագրություն տարածվեց ՔԿ-ի կողմից, թե քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ։ Հատուկ շրջանառության մեջ դրվեց Վիգեն Սարգսյանի անունը՝ նշելով, որ հենց նրա պաշտոնավարման օրոք են եղել չարաշահումները։

Քրեական գործի հարուցումից հետո գործը «գնդակ» էր դարձել՝ ՔԿ-ՀՔԾ ճանապարհին, քանի որ կառույցները միմյանց վրա էին «գցում» գործի քննությունը՝ ուղարկելով մեկը մյուսին, ինչն ուղղակի վկայում էր, որ ՀՔԾ-ն կասկածներ ուներ քրեական գործի հարուցման հիմքերի վերաբերյալ եւ չէր ուզում ստանձնել ձախողման դատապարտված գործի քննությունը։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել, թե դատախազություն, թե քննչական կոմիտե՝ պարզելու, թե, ի վերջո, որտեղ քննվում քրեական գործը, ինչ փուլում է այն գտնվում, արդյո՞ք Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացվել է, թե՝ ոչ։

Այսպես, ՔԿ-ից հայտնել են, որ գործը գտնվում է իրենց վարույթում եւ Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում չի կայացվել։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 12.04.2019թ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 90150819 քրեական գործը՝ ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների հերթացուցակում հաշվառված զինծառայողներին 2018թ հունվարին ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ հատկացնելու փաստով։ Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ հունվար ամսում բնակարանների բաշխում իրականացնելու ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Վիգեն Սարգսյանը, քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշել են ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, Վիգեն Սարգսյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան։

ՀՀ գլխավոր դատախազությունից եւս փաստել են, որ ՀՀ դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող որևէ քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, հետևաբար, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել և հետախուզում չի հայտարարվել։

Նկատենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, որոնք համարվում են կոռուպցիոն, որոնց քննության համար ստեղծվել է հատուկ կոմիտե՝ հակակոռուպցիոն, բայց անգամ դրանից հետո այդ գործը չի փոխանցվել նշված կառույցին՝ թերեւս կա,սկածի տակ դնելով քննչական ենթակայության հարցը։

--00--ԱՀ