Հանրային քննարկման են դրված Երևանի 2021թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

քննարկում

Երևանի 2021 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքները հաշվետվությունները հանրային քննարկման են ներկայացված: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը համառոտ ներկայացնելով բյուջեի կատարողականն ընդգծել է.
«Քաղաքի 2021 թվականի ծախսերում գերակշիռ են եղել կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը: Եկամուտները կատարվել են 95,3 %-ով: Գնումների խնայողություններով պայմանավորված էլ կան որոշակի տարբերություններ՝ նախատեսված և փաստացի ծախսված գումարների առումով»:

2021թ. քաղաքի զարգացման ծրագրով հիմնանորոգվել են մանկապարտեզներ, նորոգվել ու վերազինվել պոլիկլինիկաներ: Երևանի քաղաքապետարանում ներդրվել է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Համայնքը ձեռք է բերել նոր ավտոբուսներ, արդիականացրել մետրոյի վագոններ:

Անդրադառնալով խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես տրանսպորտային նոր ցանցի ներդրման, մետրոյի նոր կայարանի, ինչպես նաև ավտոկայանտեղիների կառուցման նախագծերին՝ քաղաքապետի առաջին տեղակալը նկատել է, որ քաղաքային իշխանությունը աշխատանքներ է տանում նշված բոլոր ոլորտներում՝ նախագծերը ծրագիր դարձնելու համար:

Քննարկումից հետո խորհուրդը միաձայն որոշեց հաշվետվությունները հանրային քննարկման դնել:

Քաղաքացիները մինչև փետրվարի 24-ը կկարողանան իրենց առաջարկներն ուղարկել [email protected]-ին կամ [email protected] էլեկտրոնային փոստով կամ ներկայացնել գրավոր:

Փետրվարի 24-ին՝ ժամը 15.00-ին քաղաքապետարանում կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել:

--00—ՄՀ