ՀՀ-ի համար առանձնահատուկ է հարաբերությունների անխաթար ընթացքը բարեկամ Իրանի հետ 

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

կոլաժ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ։  

Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։

Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։ 
  
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն։    

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

--00—ՄՀ