Հայկական Կարմիր խաչը պատերազմի շուրջ 15 հազար քաղաքացու միանվագ աջակցություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24 News

կարմիր խաչ

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար ՀՀ դրամ։

Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝

  • ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները.
  • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
  • 50 տարեկանից բարձր անձինք։

Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։

Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։

Միանալով ՀՀ կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 861 490 588 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։

--00—ՄՀ