ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Ուկրաինան չի համարձակվի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, որովհետև գիտի՝ «թաթիկներին» կհարվածենք ու վերջ։ Այս մասին 24News-ին ասաց Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի «Միասնական Ռուսաստան» խմբակցության հայազգի պատգամավոր, Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը։
Նրա խոսքերով՝ Ղրիմի կենտրոն Սիմֆերոպոլում ամեն ինչ նորմալ է, քաղաքում լարվածություն չկա, չնայած ռուս-ուկրաինական գերլարված հարաբերություններին, որոնց կարգավորման բանակցություններում ակտիվ ներգրավված է Արևմուտքը։
Մարտոյանն ասաց, որ այս լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն գործում է խորամանկ քաղաքական գործչի պես․ «Իրենք զենք, զինամթերք են տրամադրում Ուկրաինային, որ հետո հիմար Զելենսկուց պարզապես փող փոկեն։ Ասում են․ «Զենք կտանք, որ հետո ձեզանից փող հավաքենք, բայց ձեր փոխարեն չենք պատերազմի»։ ՆԱՏՕ-ն պարզապես բուրժուական պետությունների քաղաքականություն է վարում, իր միակ նպատակը հարստանալն է ցանկացած պատերազմի կամ իրադարձության ժամանակ»,- ընդգծեց ղրիմահայ պատգամավորը։
Պաշտոնական Ռուսաստանը հայտարարում է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն օրեր է նշում, թե երբ Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա։ «Այս ամենի [լարվածության սրացման] տիկնիկավարը Ամերիկան է։ Ընդորում, ՆԱՏՕ-ական Գերմանիան, Ֆրանսիան, մյուս պետությունները հետաքրքված չեն պատերազմով, իսկ Ամերիկան ուրիշ մայրցամաքում կտաքացնի ձեռքերը։ Բայց չի՛ լինի այդ պատերազմը, Սեմ քեռին [ԱՄՆ-ի անձնավորված խորհրդանիշն է] շատ-շատ է սխալվում, ընկեր յանկիները», - ընդգծեց Արմեն Մարտոյանը։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին Թուրքիայի պահվածքին՝ Մարտոյանն ասաց, որ Թուրքիան ինչպես միշտ խորամանկ աղվեսի պես ուզում է Ուկրաինային վաճառել իր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը՝ «շատ լավ իմանալով, որ «Բայրաքթար»-ների դեմ ռուսներն ունեն ավելի քան համարժեք միջոցներ, որոնք պարոն Փաշինյանը չօգտագործեց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ»։
«Մի շաբաթից լարվածությունը կթուլանա», - եզրափակեց ղրիմահայ պատգամավորը։
--00--ԿԿ