Արցախում ադրբեջանական շարասյան դեմ փակված ճանապարհը բացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հասարակական

Արցախի Մարտակերտի շրջանի Մազավուզ գյուղի ճանապարհը, որն ադրբեջանական շարասյան առջև փակել էին արցախցիները, այժմ բաց է։ Այս մասին 24News-ին ասաց շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Վանյանը։

«Մի պահ են փակել, ռուսների հետ խոսել են, փակելու պատճառն ասել են, ու բացել ճանապարհը», - նշեց նա։

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24News-ին ասաց, որ երբ փակ է եղել դեպի Քարվաճառ տանող ճանապարհը, ադրբեջանական շարասյունը ստիպված է եղել վերադառնալ եկած ճանապարհով։ 

Ըստ նրա՝ ճանապարհը փակելու պատճառները շատ են։ «Երկու օր առաջ ժամկետային զինծառայողին թիրախավորված վիրավորել էին ադրբեջանցիները, հենց այս տարածքում էր եղել, դա կարծես վերջին կաթիլն էր։ Ադրբեջանական կողմը չի պահպանում եռակողմ հայտարարության դրույթները և իր պահվածքով սադրում է ռուս խաղաղապահներին։ Ադրբեջանցիներն ուզում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ խաղաղապահների գործոնը որևէ բան չի փոխում, չնայած այդպես չէ։ Գյուղացիներին թույլ չեն տալիս գյուղատնտետսական աշխատանքներ անել հողատարածքներում, որոնք մոտ են Արցախի բռնազավթված տարածքերում տեղակայաված ադրբեջական դիրքերին։ Ադրբեջանցիներն ավելի են ակտիվացել, որովհետև գարունը մոտենում է», - ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ ադրբեջանցիները վայրի ցեղերի նման ճչոցներ են արձակում, զենք թափահարում գյուղացիների մոտ, և ստիպված ռուս խաղաղապահները խնդրում են գյուղացիներին դադարեցնել աշխատանքները, որ բախումներ տեղի չունենան։ «Մեր կողմը հարգում է եռակողմ հայտարարությունը, ադրբեջանցիներն, օգտվելով դրանից, մտնում են այն գյուղերը, որոնք մեր վերահսկողության տակ են, որտեղ հայեր են բնակվում»։

«Ցավոք, Արցախի իշխանություններն էլ այս ուղղությամբ բան չեն անում, Հայաստանի իշխանությունների թելը բռնած գնում են, հանձնել են ամեն ինչ ռուս խաղաղապահներին՝ համարելով, որ իրենց գործն ավարտել են։ Այս ակցիան ուղղված էր միայն ադրբեջանցիների դեմ, որով մեր բնակիչներն ուզում են բացատրել, որ եթե կա եռակողմ պայմանավորվածութուն, ուրեմն պետք է պահեն բոլոր կողմերը, մինչև քաղաքականություն վարողները ինչ-որ լուծում կգտնեն», - եզրափակեց նա։

--00--ԿԿ