Խրամորթի այգիներում աշխատանքը վերսկսելու հարցով ռուսական միջնորդությամբ բանակցություններ են գնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հասարակական

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում աշխատանքները վերսկսելու ուղղությամբ բանակցություններ են գնում ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Փետրվարի 15-ին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը։

Իսկ փետրվարի 16-ին ադրբեջանցի զինծառայողներն իջել էին իրենց դիրքերից, որոնք շուրջ 20 հեկտար խաղողի այգիներից հեռու են մոտ 100 մետր, ու ավտոմատի սպառնալիքով այգիներում աշխատող գյուղացիներին հեռացրել ու չէին թողել աշխատել։ Մինչ օրս գյուղացիները չեն աշխատում։ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ աշխատանքերը վերսկսելու հարցով դեռևս սպասողական վիճակ է։ «Ադրբեջանցիները նպատակ ունեն ժողովրդին հիասթափեցնել, մարդիկ թողնեն, իրենց օջախներից դուրս գան, առանց ոչ մի գնդակի, ոչ մի արկի, ոչ մի կրակոցի ադրբեջանցիները գան-տիրանան հողերին։ Բայց իրենց չի հաջողվի, չեն տեսնի այդ բանը։ Իրենց նպատակը դա է, որ ժողովրդին վախեցնեն, սպառնան, բայց մեր ժողովուրդը չի վախենա, ինչ էլ ուզում է, լինի»։

«Մենք գիտենք, ինչ ենք անելու։ Սպասում ենք, որ հետևանքները չլրջանան, ավելի շատ կուրուստներ չունենանք, համբերում ենք, թե բանակցություններն ինչ արդյունք կունենան», - եզրափակեց ասաց Խրամորթի գյուղապետը։

--00--ԿԿ