23-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 18-ին՝ ժամը 09:58-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սպորտի փողոցի տներից մեկում իր հարազատն ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել հիշյալ տան բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է ողորկափող երկփողանի հրացան:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՄՀ