ԲԴԽ-ն պետք է զսպի դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումները. դատավոր Բալայան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News     

բդխ

 Բարձրագույն դատական խորհուրդը պետք է մտածի՝ ինչպիսի պատասխանատվության ենթարկել արդարադատության նախարարին, գնդակն իր դաշտում է, իսկ պարոն Ազարյանն էլ, իմ կարծիքով, արտահայտում է դատավորների միասնական կամքը։ Այս մասին 24News-ին ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին դատավորների ընդհանուր միության նախագահ, դատավոր Ալեքսանդր Ազարյանի տարածած հայտարարությանը։

Ազարյանը դիմում էր հղել ԲԴԽ-ին՝ նշելով, որ փետրվարի 11-ին «Factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիո­կայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին տված հար­ցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախ­տելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնա­վո­րապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցու­ցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվա­ծութ­յուն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատա­վոր­ներին վիրավորող և պիտակավորող, դա­տական իշխա­նութ­յան հեղի­նա­կությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձա­գանքի: Դատավոր Ազարյանը նաև ԲԴԽ-ին առաջար­կել էր միանալ այս հայտարարությանը և «իրավասու մարմնի առջև բարձրացնել  վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթար­կելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վար­քագիծը»: 

Արդարադատության նախարարության  լրատվական բաժնից արձագանքելով այս հայտարարությանը՝ «Հրապարակ» թերթին էր փոխանցվել նախարար Կարեն Անդրեասյանի հետևյալ դիրքորոշումը. «Որևէ մեկնաբանության կարիք չենք տեսնում: Հասարակությունը տեսնում է ամեն ինչ»։

Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել է ԴԸՄ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ։

Դատավոր Դավիթ Բալայանն ասաց, ու համամիտ է Ազարյանի տարածած հայտարարության հետ։ «Ինձ թվում է, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական առաքելությունը պետք է իրականացնի, քանի որ ինքը կոչված է, հենց այն մարմինն է Սահմանադրությամբ իրեն վերապահված, որպեսզի զսպի դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումները, իսկ նախարարի հայտարարություններն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել, այդքանը», - եզրափակեց Բալայանը։

--00—ՄՀ