Շվեյցարական գաղտնիքներ. Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել Credit Suisse բանկում ունեցած գումարը․ Հետք

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News     

շվեյցարի

SuisseSecrets-ը միջազգային լրագրողական հետաքննություն է՝ հիմնված  բանկային հաշիվների մասին տվյալների արտահոսքի վրա, գրել է Հետք-ը։

Այդ տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը։ Թերթն այդ տեղեկատվությունը փոխանցել է OCCRP-ի և 47 այլ մեդիա գործընկերների՝ աշխարհի տարբեր վայրերից։

Արտահոսած տեղեկատվությունը վերաբերվում է մոտ 30 հազար անձի և ավելի քան 18 հազար բանկային հաշիվների։ Այս հաշիվները բացվել են սկսած 1940-ականներից մինչև վերջին տասնամյակը, դրանցում ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվն արտահոսած տեղեկատվության մեջ հասնում է մոտ 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի։ Այս մարդկանց թվում են ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի անդամները։ 

Այսպես, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ: Այս հաշիվը գործել է 2006 թ.-ից և բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016 թ.-ը։

Շվեյցարական բանկում հաշիվ ունենալը հանցագործություն չէ, սակայն նախագահն այդ հաշվին ունեցած դրամական միջոցները չէր հայտարարագրել։ 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին անակնկալ հրաժարական տվեց։ Հրաժարականին նախորդող օրերին մենք Արմեն Սարգսյանին նրա՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին հարցումներ էինք ուղարկել, մեր համոզմամբ հենց այդ պատմությունն է դարձել նրա հրաժարականի պատճառը։

2013-ի սեպտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։ Նշանակման պահից նա, ըստ օրենքի, դարձել է հայտարարատու անձ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը վերլուծելուց պարզ է դառնում, որ վերը նշված դրամական միջոցները նախկին նախագահը չի ներկայացրել ո՛չ իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2013), ո’չ 2014, 2015, 2016 թվականների տարեկան հայտարարագրերում։

Ըստ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի (ընդունված 26.05.2011 թ.-ին) և Կառավարության 15 դեկտեմբերի 2011 թ.-ի N1819-Ն որոշման, նա հայտարարագրել է 8 մլն եվրո։ Հետագայում նրա տարեկան հայտարարագրերում այս 8 մլն եվրոն գնալով նվազել է։

«Հետքը»՝ իր միջազգային գործընկերների հետ հարցումով դիմել է Արմեն Սարգսյանին։ Մասնավորապես, նրան խնդրել էինք մեկնաբանել, թե որն է այս գումարի ծագման աղբյուրը, և ինչու Սարգսյանը չի հայտարարագրել այն։ 

Արմեն Սարգսյանից ստացել ենք խուսանավող պատասխան։ Սարգսյանի կարծիքով, այն հանգամանքը, որ մեր ձեռքի տակ է հայտնվել նրա բանկային հաշվի մասին տեղեկատվությունը, ըստ էության, ապօրինի է, որ դա «անձնական կյանքի գաղտնիության խախտում է... և չկա որևէ հանրային շահ, որը երաշխավորում է նման անօրինական գործունեությունը»։

Համարելով, որ հարցումներն անտեղի են, այնուամենայնիվ, Սարգսյանը որոշել է պատասխանել մեր հարցերին և պարզաբանում է ներկայացրել։ 

Իր պարզաբանման մեջ Սարգսյանը նշում է, որ այդ տարիներին որպես դեսպան ծառայել է pro-bono (անվճար) հիմունքներով և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայացման համար նույնիսկ գումար է ծախսել սեփական գրպանից։ 

«Հստակ չէր, որ կանոնները, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին հայտարարագրել իրենց եկամուտները, կիրառելի էին նման հանգամանքներում, ըստ էության, այլ անձինք, որոնք նույնպես ծառայել են pro bono հիմունքներով, որևէ հայտարարագիր չեն ներկայացրել»,-նշել է Սարգսյանը՝ բերելով Շառլ Ազնավուրի օրինակը։ Չնայած սրան, Սարգսյանը որոշել է հայտարարագրեր ներկայացնել։ 

«Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»,-նշել է Սարգսյանը։

Նյութն ամբողջությամբ՝ hetq.am-ում։

 

    --00—ՄՀ