Կառավարությանը դատի տված «Ապրելու երկիրը» շարունակում է պահանջել ավագանու նոր ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

քաղաքական

Փարաքար համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունն իրականացում է իր լիազորությունները, սակայն շարունակում է պահանջել ավագանու նոր ընտրություններ։ Այս մասին 24News-ին ասաց խմբակցության անդամ, ԱԵ համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ մարտի 2-ին նախատեսված է ավագանու հերթական նիստը, սակայն պարզ չէ՝ կմասնակցեն, թե ոչ։ Գրիգորյանն ասաց, որ շարունակում են պահանջել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն ավագանու նոր ընտրությունների անցկացում։ Սակայն կառավարությունը չի բավարարել ԱԵ խմբակցության պահանջը։ «Կառավարությունը տվել է լղոզված պատասխան, որը նույնիսկ հնարավոր չէ մեկնաբանել։ Իրավաբանների հետ քննարկել ենք այդ հարցը, եթե դատարանները լինեն անկախ, ճիշտ դատավարութուն կլինի, կարձանագրի, որ 69-րդ հոդվածը չի պահպանվել, համայնքապետի ընտրության 14-օրյա ժամկետը չի պահպանվել», - նշեց Վոլոդյա Գրիգորյանը։

Հունվարի 20-ին «Ապրելու երկիրը» հայց է ներկայացրել դատարան ՀՀ կառավարության դեմ՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ չդադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հարցով։ Դատական առաջին նիստը նախատեսված է մարտի 2-ին։

«Դավիթ Մինասյան դաշինք» խմբակցության անդամ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը 24News-ին ասաց, որ համայնքապետարանում աշխատանքները նորմալ գնում են, իսկ հայցի հարցը չմեկնաբանեց՝ պատճառաբանելով, որ դրա մանրամասներից տեղյակ չէ։ Անդրադառնալով ԱԵ-ի հետ համագործացելուն՝ Երիցյանն ասաց․ «Բոլորս մեկ ավագանի ենք, համագործակցելու պատրաստակամության խնդիրը չէ միայն, որևէ խնդիր գոյություն չունի։ Իրենք էլ մանդատներ ունեն, մենք էլ, մեկ ավագանու անդամներ ենք»։

ՔՊ խմբակցության անդամ Արաքսյա Վարդանյանը 24News-ին ասաց, որ օրենքով սահմանված կարգով է տեղի ունեցել համայնքապետի ընտրությունը։ «Ձևավորվել է համայնքապետարանի աշխատակազմ, ուսումնասիրվում են համայնքի խնդիրները, դասակագրվում են ըստ լուծումների հրատապության և անհրաժեշտության, կազմվում են սոցիալական և տնտեսական ծրագրեր»։ 

«Ինչ վերաբերում է ԱԵ-ի կողմից ժամանակ առ ժամանակ ներկայացվող բողոքներին, պետք է նշեմ, որ համայնքի ընտրողների մեծամասնությունն իր առավելագույն ստացած քվեով իրականացնում է համայնքի կառավարման գործընթացը։ Եվ իմ ու խմբակցության կողմից կոչ եմ անում համայնքի զարգացմանն իրապես մտահոգ ուժերին իրենց եռանդն ու ջանքերը ներդնել համայնքի զարգացման գործում», - եզրափակեց Արաքսյա Վարդանյանը։

Հունվարի 9-ին Փարաքարում կայացած նիստին Դավիթ Մինասյանը 11 կողմ ձայնով ընտրվել էր համայնքի ղեկավար՝ «Դավիթ Մինասյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների բոլոր 11 անդամների կողմ ձայներով։ Համայնքի կառավարումն իրականացնելու են ռոտացիոն սկզբունքով՝ 5-ամյա կառավարման առաջին կեսն իրականացնելու է Մինասյանը, իսկ մյուս կեսը՝ ՔՊ ավագանու անդամ և համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։ «Ապրելու երկիրն» ապօրինի է համարում այս նիստը՝ նշելով, որ ընտրության ժամկետն է շրջանցվել, ավագանու նիստը վարել է տարիքով ոչ ամենամեծը և այլն։

--00--ԿԿ