25-ամյա երիտասարդը հարևանի մեքենայում վիճաբանել է վերջինիս հետ, ծակող-կտրող գործիքով հարվածել նրան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երիտասարդի կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը, Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասում գտնվող իրենց տանը հարևանի հետ ճաշելուց և ալկոհոլ օգտագործելուց հետո, նույն այդ հարևանին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան վարելով վերջինիս հետ ուղևորվել է Մարգահովիտ գյուղ՝ չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք:

Ճանապարհին գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել հարևանների միջև, որի ընթացքում երիտասարդը նախապես վերցրած սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել համաքաղաքացու որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 243.1-ին հոդվածի 2-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

--00—ՄՀ