Նիկոլ Փաշինյանի սկսածը ավարտին է ցանկանում հասցնել Իլհամ Ալիեւը. Ագնեսա Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

քաղաքական

Ադրբեջանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործի հարուցումը տեղավորվում է այն գործընթացի տրամաբանության մեջ, որը սկսվել էր նրա նկատմամբ 2018 թ-ից Հայաստանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նկատեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի դատախազության հայտարարությունն առ այն, որ «քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ»։ 

«Նախ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը  քրեական գործով անցնում է նաեւ մեր երկրում՝ Նիկոլ  Փաշինյանի իշխանության օրոք, եւ այս պայմաններում զարմանալի չէ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց երկրում քրեական գործի հարուցումը Քոչարյանի նկատմամբ: Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ դեռ 2018թ.-ին, երբ հետապնդում սկսվեց նախագահ Քոչարյանի նկատմամբ, երբ նա ապօրինաբար զրկվեց ազատությունից, նախագահն ազդարարել էր, որ այդ հետապնդումներն ուղիղ կապ ունեն Արցախի հարցում իրեն չեզոքացնելու հետ: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի սկսածը ավարտին է ցանկանում հասցնել Իլհամ Ալիեւը», - նշեց նա։ 

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ չի կարող բացառել, թե «Նիկոլ Փաշինյանի դատախազությունը չի բավարարի Ալիեւի պահանջները, եթե, իհարկե, դատախազությունը 44 օրյա պատերազմի շրջանակներում Ադրբեջանի նախագահի գործած բազմաթիվ ռազմական հանցագործությունների փաստով հետախուզում չհայտարարի Ալիեւի նկատմամբ»։ «Կանի՞ դա Նիկոլ Փաշինյանի դատախազություն՝ կտեսնենք առաջիկայում», - ընդգծեց նա։

--00--ԿԿ