Սամվել Բաբայանն իրավունք չունի որևէ մեկի մեղքերից խոսել, նրան Արցախում և ՀՀ ում լավ են ճանաչում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Հետախուզումների ցանկը ընդլայնվելու է՝ Ադրբեջանը թիրախավորում է անձանց, ովքեր մեծ ազդեցություն ունեն Արցախյան հաղթանակների, Արցախի և Հայաստանի պետականության գործում: Ադրբեջանը հետախուզումով նրանց չի վախեցնի, խնդիրն այն է, որ պայքար է սկսվել այն մարդկանց դեմ, ովքեր երաշխիք են Արցախի անվտանգության համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից նախագահներ Ռոբերտ  Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ավելի վաղ՝ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզման գործընթացին:

Պատգամավորն անդրադառնալով ճեպազրույցի ժամանակ Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքին, թե իշխանությունն ի՞նչ «օժիտ» է ստացել պատերազմից առաջ՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի բանակի հրամանատարին և շտաբի պետին նշանակել է Բակո Սահակյանի և Տիգրան Աբրահամյանի առաջարկով, նշեց. «Սամվել Բաբայանը իրավունք չունի որևէ մեկի մեղքերից խոսա, Արցախում և ՀՀ ում նրան շատ լավ են ճանաչում: Նա կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ մոլորեցնում է, երբ ասում է, որ իմ առաջարկով է Արցախում ՊԲ-ի հրամանատար նշանակվել: Սամվել Բաբայանը մի օրակարգ ունի՝ պաշտպանել իշխանությանը, որին հասնելու համար դիմում է միջոցների, որոնք զվարճալի են: Անլուրջ է Սամվել Բաբայանին արձագանքելը, բայց հասարակությունը պետք է իմանա, որ նա կա՛մ մոլորեցնում է, կամ տեղյակ չէ՝ Արցախում ով ինչով է զբաղվել»: 

Մանրամասները՝ տեսանյութում։