Լիտվայի ոստիկանապետը Մաթևոսյանին ՀՀ-ի հետ լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News          

մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ այն նաև ամուր հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով սերտ համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորել լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

Փոխվարչապետը կարևորել է նաև այսօր ստորագրված «Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր Պարեկային ծառայությանը:

Լիտվայի ոստիկանապետ Ռենատաս Պոժելան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, կարևորել հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել։

--00—ՄՀ