Հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմը բացառապես այդ կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերի գործն է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News         

մարտական

«Մարտական եղբայրություն» միաբանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

1. Հաշվի առնելով, որ վերջին շրջանում որոշ լուրեր տարածվեցին նրա մասին, որ ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում կարող են իրենց մասնակցությունն ունենալ հայաստանցի կամավորականները, «Մարտական եղբայրությունը» ընկերական կոչով դիմում է 2020 թվականի պատերազմի մասնակից զինակիցներին՝ հորդորելով զերծ մնալ ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմին որևէ կերպով մասնակցելուց կամ ներգրավվելուց: Նման մասնակցությունը առնչություն չի կարող ունենալ հայ ժողովորդի շահերին, այլև պարզապես ամոթ է՝ այն փաստից հետո, երբ իր վճռական կռվի օրոք հայ ժողովուրդը փաստացի չուներ որևէ դաշնակից:

2. Ինչպես և նախկինում, նույնպես և այսօր հայ ժողովուրդը շարունակում է իր կռիվն ու իր պայքարը վարել միայնակ, սեփական ուժերի հենքով և հույսով, և պետք է կենտրոնացնի իր ջանքերն, այդ թվում իր առավել թանկ՝ մարտունակ ներուժը բացառապես իր սեփական պայքարի ուղղությամբ:

3. Հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմը բացառապես այդ կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերի գործն է, և հայ ժողովուրդն այդտեղ չունի որևէ շահ: Մեր միակ հնարավոր շահն այստեղ կարող է լինել՝ սթափվել ու հասկանալ վերջապես, որ օրեցօր անկայունացող մեծ տարածաշրջանում մեր միակ գործը պետք է լինի մեր ինքնակազմակերպումը, դիմադրողականության բարձրացումը, հանրային գիտակցության և կյանքի արմատական փոփոխությունը, հանցագործ անհոգությանը վերջ տալը:

4. Մարտական եղբայրությունը նաև զգուշացնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ որևէ անխոհեմ քայլերից, և որևէ պարագայում և ամեն գնով թույլ չտալ Հայաստանի պաշտոնական կամ անպաշտոն որևէ ներգրավվածություն ռուս-ուկրաինական բախմանը՝ ինչ պատրվակով էլ դա լինի՝ ՀԱՊԿ շրջանակներում, թե որևէ այլ ձևաչափով»:

--00—ՄՀ