ՀՀ-ն մասամբ ազատ երկիր է. ընդդիմադիրների դեմ քրգործերը «խորացնում են մտահոգությունը». Freedom House

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Հայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին: Այս մասին նշված է Freedom House-ի այսօր՝ փետրվարի 24-ին հրապարակած տարեկան զեկույցում։

«Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը», - նշում են զեկույցի հեղինակները։

Ընդգծելով նաև, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «որոշակիորեն կայունացրեցին քաղաքական համակարգը», Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղացի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։

Հարևան Վրաստանը ևս, որը, Freedom House-ի գնահատմամբ, Եվրասիայում ժողովրդավարացման մակարդակով առաջատարներից մեկն է, 2021-ին մի շարք խնդիրների է բախվել։ Խոսքը, մասնավորաբար, ընդդիմության ակտիվիստների, լրագրողների դեմ ձեռնարկված բռնարարքների և ահաբեկման դեպքերի աճի մասին է։

--00--ԿԿ