Ադրբեջանը և Թուրքիան կփորձեն օգտագործել իրավիճակը Հայաստանին և Արցախին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

Ուկրաինայում կատարվողը գլոբալ առումով հասունանում էր երկար տարիներ։ Այս մասին 24News-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանի խորհրդական, նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական էսկալացիային։

Ըստ նրա՝ սա այն տրամաբանական գործընթացների շարունակությունն է, որոնք տեղի էին ունենում Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Եվրոպայում։ «Ակնհայտ է, որ մենք ոչ մի պարագայում չենք կարող զերծ մնալ գլոբալ նոր սահմանների գծումից, որը տեղի է ունենում։ Այսօր Հայաստանի իշխանությունները պետք է խնդիր դնեն չընկնել ռազմաքաղաքական հարվածի տակ, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի վերանայել տարածաշրջանից հայկական էթնոքաղաքական էլեմենտի դուրս մղման ծրագիրը։ Ադրբեջանը և Թուրքիան կփորձեն օգտագործել իրավիճակը Հայաստանին և Արցախին հարվածելու համար։ Պետք է առաջին հերթին դուրս գալ վարդագույն երազանքից, թե մենք կարող ենք պլստալ թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ զարգացումներից։ Եվ պետք է շատ արագ ձևավորենք ռազմադիվանագիտական, ռամատնտեսական, ռազմաքաղաքական գործընթացների համակարգ։ Իսկ Հայաստանի որդեգրած, ադրբեջանահաճո «խաղաղության դարաշրջանի» գաղափարն իրավիճակի ոչ սթափ, ոչ ճիշտ գնահատական է, որը կարող է բերել լուրջ խնդիրների», - ընդգծեց քաղաքական գործիչը։

Աբովյանի խոսքերով՝ Հայաստանի, Արցախի իշխանությունները, առհասարակ բոլորը պետք է հասկանան ամենավատ զարգացումներին պատրաստվելու անհրաժեշտության մասին։ «Ստեղծված իրավիճակում զարգացման տենդենցը լավը չէ։ Ես ոչ թե մտավախություն ունեմ, այլ համոզված եմ, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը շանսը բաց չեն թողնի իրենց նպատակներին հասնելու համար, որոնց մասին բաց խոսում են։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան կտրուկ ավելացնում են իրենց ռազմական ներուժը։ Տրամաբանությունից դուրս, աննորմալ է, եթե Հայաստանը հաշվի չի առնում սա. ո՞ւմ դեմ են նրանք զինվում, ինչի՞ համար են նրանք զինվում։ Ինչի՞ համար է Ադրբեջանը գրեթե ամեն օր սուտ տեղեկություններ տարածում, թե հայկական կողմը ռազմական սադրանքների է դիմում։ Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը սա անում. իր ռազմական սադրանքներն արդարացնելու համար հիմքեր է ստեղծում»։

«Շատ կարևոր է իրավիճակը սթափ գնահատել, դուրս գալ վարդագույն երազանքներից և վերադառնալ իրականություն։ Որովհետեւ եթե չվերադարձար իրականություն, քեզ կվերադարձնեն իրականություն շատ խորը մեթոդներով։ Սա չի կարելի թույլ տալ», - եզրափակեց նա։

--00--ԿԿ