Դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանի ուղեկցությամբ այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն: 

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել հաստատության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի, ինչպես նաև ռազմական հաստատության հայ ուսանողների հետ:

Գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու  բարեկամ երկրների միջև սերտ հարաբերություններին, ներկա ռազմական և ռազմավարական համագործակցությանը` հատուկ ուշադրություն բևեռելով  երկու երկրների միջև բազմաոլորտ փոխշփումներն էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու վրա։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Հունաստանի հետ ռազմական համագործակցության բաղադրիչը` կարևորելով այդ ոլորտում համագործակցության արդիականացման նշանակությունը`  նոր սերնդի, արագ փոփոխվող, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու նպատակով: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի անունից, որ տարիներ շարունակ այս ռազմական ուսումնարանը հատկացնում է տեղեր Հայաստանի համար։

Կրթական հաստատության հրամանատարի հետ հանդիպումից հետո ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն, ինչպես նաև  գնդապետ Արթուր Դալիբալթյանը հանդիպել են հայ կուրսանտներին, ծանոթացել նրանց առօրյայի հետ, ուսումնական գործընթացին՝ մաղթելով հաջողություններ:

--00--ՍԳ