ԲՏԱ նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության մի շարք հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24- ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում է եղել նաև GIZ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերն ու խնդիրները, բարեփոխումների ընթացքը: Նա նշել է, որ Հայաստանի համար օգտակար կլինի գերմանական կողմի աջակցությունը, մասնավորապես, թվայնացման և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման, հեռահաղորդակցության, նորարական տեխնոլոգիաների ներդրման, ոլորտային նախագծերի մշակման և իրականացման հարցում։

Իր հերթին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հղում անելով երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին, հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում, պատրաստակամություն է հայտնել հետայսու ջանքեր գործադրել ԲՏԱ նախարարության հետ երկարաժամկետ համագործակցություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վերջինս անդրադարձել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի ոլորտային ուղղություններով իրականացվող ծրագրերին։

Հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ Գերմանիայի հարուստ փորձը Հայաստանի համար կարող է օգտակար լինել էլեկտրոնային ծառայությունների բարելավման, փոստային ծառայության, հեռահաղորդակցության, բիզնես միջավայրի զարգացման ոլորտներում, ինչպես նաև ԵՄ ծրագրերի իրականացման գործում:

Նախարարը և դեսպանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:

--00--ՍԳ