ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն աշխատանքային այց են կատարել Շիրակի մարզ, հանդիպել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ և քննարկել մարզին առնչվող առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Այս մասին տեղեկացնում են խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
«Այնուհետև մարզպետ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել ենք Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, ծանոթացել կատարված աշխատանքներին և ծրագրերին:
Եղել ենք նաև Գյումրու տնակային ավաններից մեկում, խոսել ենք բնակիչների հետ և ծանոթացել խնդիրներին, մատնանշել հնարավոր լուծման եղանակները։
Այցելել ենք Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ տնօրինությունը մեզ է ներկայացրել կատարված լայնածավալ աշխատանքները նաև ցույց տվել նոր կառուցվող քիմիոթերապիայի բաժանմունքը։ Այն շուտով իր դռները կբացի Շիրակի մարզի բնակիչների առջև և վերջիններս ստիպված չեն լինի հասնել Երևան` ծառայությունից օգտվելու համար»,- նշել է Թորոսյանը։
Նա հավելել է, որ այցի հաջորդ կանգառը եղել է Արթիկ համայնքը, որտեղ պատգամավորներն այցելել են զրոյից կառուցվող դպրոցի շինհրապարակ։ «Նաև եղել ենք մեկ այլ դպրոցում, որտեղ կառավարության աջակցությամբ տանիքի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։
Այցելել ենք նաև Արթիկի բժշկական կենտրոն և խոսել հնարավոր նոր բժշկական կենտրոնի կառուցման մասին։ Համայնքապետարանը խոստացել է, որ կլուծի հողի տրամադրման հարցը, որից հետո մենք կդիմենք կառավարությանը՝ նոր կառուցվող բժշկական կենտրոնների ցանկում ընգրկելու համար»,- հայտնել է պատգամավորը։։
Այցի վերջում «Քաղաքացիական պայմանագրի» պատվիրակությունը հանդիպել է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմին ու վարչական շրջանների ղեկավարներին, քննարկել համայնքի խնդիրները։
--00--ԱՀ