Լուգանսկում մարտական գործողություններին հայեր էլ են մասնակցում, զոհեր ու վիրավորներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

․

Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահ Վարդան Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Լուգանսկում այս պահին տիրող իրավիճակի և տեղի հայերի դրության մասին։

«Մոտ 10-15 հայ ևս մասնակցում է ռազմական գործողություններին, նրանց թվում և՛ կամավորներ կան, և՛ զորահավաքի մասնակիցներ ու զինծառայողներ։ Այս պահին զոհեր ու վիրավորներ հայերի թվում չկա»,- այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահ Վարդան Հայրապետյանը։

Հայրապետյանը նշեց, որ Լուգանսկում, ընդհանուր առմամբ, 3000-ից ավել հայ է բնակվում, նրանց 20 տոկոսը տարհանվել է, ովքեր էլ շարունակում են մնալ Լուգանսկում՝ ապահով են, նկուղներ կամ այլ ապաստարաններ ունեն։

«Այս պահին Լուգանսկից հայերի դուրս բերման խնդիր չունենք։ Ցանկացող էլ արդեն չկա, կանայք իրենց երեխաների հետ դուրս են եկել»,– մանրամասնեց Հայրապետյանը։

Նա նշեց, որ երեկվա համեմատ այսօր ավելի քիչ կրակոցներ կան, միայն սահմանակից գոտում` սահմանից 10-15 կմ վրա, հարվածներ են լինում նաև քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ