ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները ՀՀ համար անվտանգային երաշխիք են. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

կոպիրկին

Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա դաշնակցային հարաբերություններն ու դրանք խորացնելու պատրաստակամությունն այն երաշխիքն է, որի դեպքում Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց կարող են անվտանգ զգալ: Այս մասին շաբաթ «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ադրբեջանի կողմից սադրանքներ սկսելու հավանականությունը:

«Դուք գիտեք, որ մենք արժևորում ենք այն հարաբերությունները, որոնք մեզ կապում են երկու կողմերի հետ և դիտարկում ենք դրանք տարածաշրջանում կայունության և խաղաղության շատ կարևոր գործոն: Դա մեզ հնարավորություն է տալիս միջնորդ առաքելություն իրականացնել ստեղծվող խնդիրները լուծելու համար: Մենք օգտագործում ենք այդ գործոնը, որպեսզի ակտիվ ջանքեր գործադրենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ ներառյալ սահմանային հարցերը լուծելու և տարածաշրջանի խաղաղ ու անվտանգ զարգացմանը հասնելու համար: Մեզ համար կարևոր է, որ հայ ժողովուրդն ու Հայաստան իրենց անվտանգ զգան: Դրա երաշխիքն է մեր դաշնակցային հարաբերություններն ու դրանք խորացնելու մեր երկրների պատրաստակամությունը», - ասել է նա:

--00--ՄՀ