Ադրբեջանի գործողությունները պետք է որակել ցեղասպանություն. քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

թագուհի

Մասնագետները պնդում են՝ հայերի նկատմամբ ադրբեջանցիները գործողությունները, այդ թվում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերը, պետք է որակել որպես ցեղասպանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:

«34 տարի առաջ այս օրերին խաղաղ հայ բնակչությունը զանգվածային բռնությունների, սպանությունների, խոշտանգումների, խեղումների, հրկիզման էր ենթարկվում ադրբեջանական զինված ավազակախմբերի կողմից: Ինչո՞ւ էին հայերին սպանում. հայ լինելու համար, սպանում էին, քանի որ մարդիկ ցանկանում էին սեփական հայրենիքում ապրել ազատ և արժանապատիվ: Իրականում դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից որքան ատելություն, հայատյացություն է սերմանվել ադրբեջանցիների շրջանում, որքան են բորբոքել բռնության կոչեր հայերի նկատմամբ, որ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ իրականացրել են նման դաժան, անմարդկային գործողություններ»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Սրծայր, մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ինքնաշեն այլ միջոցներով զինված ադրբեջանցի ջարդարարները, բաժանվելով մի քանի տասնյակ հոգուց բաղկացած ավազակախմբերի, ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակավայրեր, սպանում մարդկանց իրենց տներում, որոշ դեպքերում փողոցներում՝ հրապարակային ծաղրուծանակի ենթարկելով մարդկանց»,-ասաց Թովմասյանը:

Նա շեշտեց՝ Ադրբեջանի շարունակական և հետևողական բնույթ կրող գործողություները հայ բնակչության նկատմամբ տեղավորվում են պետական մակարդակով խրախուսվող ցեղասպան քաղաքականության մեջ,  որի իրացման հանցավոր նպատակներից ելնելով, Ադրբեջանը 1991-ին սանձազերծել է ԼՂ-ի դեմ բացահայտ ագրեսիա և լայնածավալ ռազմական գործողություններ:

«Շուրջ 30 տարի Ադրբեջանն իր հասարակության շրջանում այնքան հայատյացություն է սերմանել, որ Արցախի դեմ  2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ականատես էինք լինում անմարդկային դաժանությունների: Ադրբեջանը համալրում էր մարդկության դեմ ուղղված հանցանքները և սպանում խաղաղ բնակչությանը, թիրախավորում մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Եվ այսօր մենք միջազգային հանրությանը, մեր միջազգային մեր գործընկերներին ուղերձ ենք  հղում, որ Ադրբեջանի այս հանցավոր արարքները, մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի, արձագանքի, գնահատականի»,-ասաց Թովմասյանը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ընդգծեց ժամանակ առ ժամանակ միջազգային հանրությանն այս ողբերգության մասին հիշեցնելու կարևորությունը: «Քաղաքական գնահատականը, որ մինչև հիմա տրվել է,  վերջնական ձևակերպմամբ որպես ցեղասպանություն չի արձանագրվել, կարծում եմ՝ մեր կողմից թույլ տրված սխալներից մեկն է:  Ես կարծում եմ, որ մեր ԱԺ-ն պետք է  անպայմանորեն դրան անդրադառնա և հստակ ձևակերպում տա, որ սա նույն ցեղասպան քաղաքականության ամբողջական շղթան է, որը սկսվում է1905 թվականին փետրվարի 6-ից, երբ Բաքվում սկսեցին հայկական կոտորածները, նկատի ունեմ հայ-թաթարական կռիվները…»,-ասաց Մելքոնյանը:

Նա կարծում է, որ նման մի ձևակերպմամբ, ամբողջական շղթայի մեջ ցույց տալով, պետք է դատապարտել ադրբեջանցիների գործողությունները և դրանք որակել որպես ցեղասպանություն: 

--00—ՄՀ