Ադրբեջանի և Թուրքիայի հանցանքները ևս պետք է արժանի գնահատական ստանան. Օհանյանը՝ Կանադայի բանագնացին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

Դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն: Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական և կծառայի  թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության  շահերին: Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ:

Դեսպանը հետաքրքրվել է,  թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ:

Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:  Նա կարևորել է աշխատանքի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում,  մատնանշել նաև իր նկատած խնդիրները,  որոնք խոչընդոտում են ժողովրդավարությանը:

Սեյրան Օհանյանը կարևորել է Հայաստանի և Կանադայի, Եվրամիության, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը և այլ հարցեր:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքներին՝ խմբակցության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական գնահատականների հնչեցումը և իրականացված  հանցագործություններին ճիշտ ու լիարժեք արձագանքելը:

«Պատերազմից հետո էլ Ադրբեջանի և Թուրքիայի հռետորաբանությունը և նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ և մեր սահմաններից ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով  խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա:

--00—ԼՄ