Նախագահն «իմ ու քո» լինել չի կարող, միայն ՔՊ նախագահը չեմ լինելու, ոչ ես եմ դա ուզում, ոչ ՔՊ-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Ազգային ժողովի նիստի ժամանակ, որի շրջանակում քննարկվում է Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելու հարցը, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների:

«Համոզված եմ, որ չեք ուզում, որ ես լինեմ միայն Ձեր նախագահը: Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն Ձեր նախագահը: Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ-ի բոլոր քաղաքացիների (և մի բան էլ ավել) նախագահը: Այստեղ, որ կարդում եմ «համազգային», ես հասկանում եմ, որ ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է»,-ասաց նախագահի թեկնածուն:

Ըստ Վահագն Խաչատուրյանի՝ այսօրվա մեր «մասնատված, ծանր սոցիալ-քաղաքական վիճակում գտնվող հասարակության համար», կարևոր է, որ նախագահի ինստիտուտը աշխատի, և, այդուամենայնիվ, այդ ինստիտուտը չի կարող իր առջև դրված խնդիրը լուծել, եթե չկա ԱԺ-ի, կառավարության հետ համագործակցություն:

«Այստեղ իմ ու քո լինել չի կարող, ես այդպես եմ ընկալում, և այդ ընկալումով եմ նաև այստեղ Ձեր առջև հանդես գալիս: Իմ կողմից դրանք խոսքեր չեն, ուղղակի ես գիտեմ, որ միայն այդ ճանապարհով կարելի է աշխատել»,-ասաց նախագահի թեկնածուն: