Ուկրաինայի հանդեպ ցուցաբերած ձեր զգոնությունը խնդրում եմ Թուրքիայի հանդեպ էլ եք ցուցաբերեք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովոյի պաշտոնակից Վյոսա Օսմանիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Էրդողանը հիշյալ երկու կառույցներից էլ դժգոհել է, քանի որ դրանք Թուրքիայի նկատմամբ պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում։

Էրդողանը, հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ բանակցում է ԵՄ-ի անդամակցության շուրջ, սակայն դեռևս չի ընդունվել միություն, ապա համեմատություն է անցկացրել օրերս Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ սկսված գործընթացի հետ:

«Մենք ողջունում ենք Ուկրաինային ԵՄ-ի կազմ ընդունելուն միտված ջանքերը: Դա լավ զարգացում է, բայց Եվրամիության անդամ երկրներին ցանկանում եմ հարցնել՝ ինչու՞ եք մինչև հիմա տատանվում Թուրքիային ԵՄ-ի կազմ ընդունելու հարցում, կամ ինչու՞ չեք ընդունում»,- ասել է Էրդողանը ու ավելացրել,- «ԵՄ-ի թեմայով կրկին ուզում եմ անդամ երկրներին ասել՝ խնդրում եմ Ուկրաինայի հանդեպ ձեր ցուցաբերած զգոնությունը Թուրքիայի նկատմամբ էլ ցուցաբերեք: Թե՞ սպասում եք որևէ մեկը Թուրքիայի դեմ պատերազմ սկսի ու հարձակվի, նոր այն ժամանակ Թուրքիային բերեք օրակարգ»:

Էրդողանը ասել է նաև, որ այժմ ԵՄ անդամ երկրներ կան, որոնց հետ Թուրքիան ցանկանում է պաշտպանական ոլորտում համագործակցել, սակայն այդ երկրները, որոնց մի մասն էլ Թուրքիայի նման ՆԱՏՕ-ի անդամ է, չեն համագործակցում իրենց հետ:

«Ասում եք՝ մենք միասին ենք: Ինչու՞ Թուրքիային չեք տալիս այն միջոցները, պահեստամասերն ու զինամթերքը, որոնք պետք է տաք: Դա մեր համերաշխությունից բխող բան է, սակայն չեն տալիս: Սպասում են, որ պատերա՞զմ լինի: Նրանք անկեղծ չեն: ՆԱՏՕ-ի անդամներն էլ, Եվրամիության անդամներն էլ միայն խոսքեր են ասում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

--00—ՄՀ