Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ հաղորդումը քննարկվում է դատախազությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

․

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով ներկայացված հանցագործության մասին հաղորդումը քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդումը ստացել են, քննարկվում է։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի մեղադրանքը լրացվել է՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածով՝ իբրև լիազորությունները չարաշահելուն դրդելու հատկանիշներով, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, ինչը բավարարվել է։ Ըստ պաշպանության կողմի՝ քրեական հետապնդման մարմինները ևս քաջ գիտակցում են, որ Աղվան Հովսեփյանն ակնհայտ ապօրինի է պահվում կալանքի տակ, ուստի որոշել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ առաջադրված մեղադրանքների շարքը համալրվել է ևս մի շինծու և ապօրինի մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

--00--ԱՀ