Ոստիկանները վնասազերծել են մարտական վիճակի բերված նռնակով տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

․

Ոստիկանները մարտի 2-ին մաքսային տերմինալի տարածքից բաժին բերման են ենթարկել նռնակը պայթեցնել սպառնացող տղամարդու։Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մարտի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում տեղակայված մաքսային տերմինալի տարածքում աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում վիճել է մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ։ Այդ ընթացքում խփել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վնասել է նաև տերմինալի տարածքում կայանված մեքենաներից մեկը։ Տուժած տղամարդը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից ժամը 20.05-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 73-ամյա մի տղամարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչությունից։ Մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճած 32-ամյա տղամարդու ձեռքին «Ֆ-1» տիպի նռնակ է եղել՝ բերված մարտական վիճակի։

«Իրավապահների մեկ ժամ տևած հմուտ ու զգուշավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողբերգությունը։ Բանակցության շնորհիվ 32-ամյա տղամարդը նռնակը նետեց տարածքից դուրս։ Նռնակը պայթեց անվտանգ վայրում՝ չվնասելով ոչ անձանց, ոչ որևէ գույք»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նշվում է, որ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

Նշանակվել են փորձաքննություններ, և հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00--ԱՀ