ՊՎԾ-ն թաքցնում է Մարությանի հեռանալուց հետո Երևանի քաղաքապետարանում սկսած ստուգումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Պետական վերահսկողական ծառայությունը հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանում սկսած ուսումնասիրությունների արդյունքներից։ 

«Այս ինֆորմացիան մենք չենք կարող Ձեզ տրամադրել։ Ինչը որ պետք է հրապարակվի, կարող եք կայքից գտնել, որովհետև տեղեկություններ կան, որոնք պետք է լինեն գաղտնի», - 24News-ին ասացին ՊՎԾ-ից։

Ծառայության կայքում որևէ տեղեկատվություն չկա քաղաքապետարանում սկսված ստուգումների արդյունքների մասին, իսկ վերջին մամուլի հաղորդագրությունը տեղադրվել է 2021-ի դեկտեմբերի 1-ին։ Այն վերաբերում է ՀՀ վիճակագրական կոմիտեի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների տարբերությանը Քովիդ 19-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Գևորգյանը 24News-ին ասաց, որ դեռևս ստուգումները շարունակվում են։ «Դեռևս շարունակվում է գործընթացը, այս մասով դեռևս որևէ բան ասել հնարավոր չէ։ Եվ ավելի ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք հենց ՊՎԾ-ի աշխատակազմին։ Նախաձեռնությունն իրենց կողմից է, և բոլոր դեպքերում մենք չէ, որ պետք է մեկնաբանենք իրենց աշխատանքի արդյունքը, խնդիրները կամ ձեռքբերումները»։

Գևորգյանն ասաց, որ ստուգումների արդյունքերի մասին որևէ տեղեկատվություն չունի։ «Որևէ տեղեկատվություն իրենց ուսումնասիրությունների արդյունքների հետ կապված Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը չի կարող ներկայացնել, չունի էլ, որ ներկայացնի», - ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ անցկացնելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 29-ին։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այն ժամանակվա պետ Իոսիֆ Կուբատյանը։

Հայաստանի վարչապետին ենթարկվող կառույցն ուսումնասիրությունները սկսել էր իրականացնել դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց (դեկտեմբերի 22) հետո։ Իշխող ուժի նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացը Մարությանն իր դեկտեմբերի 22-ի ելույթում որակել էր որպես հեղաշրջում և քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունը։

--00--ԿԿ