Վազգեն Սարգսյանի արած գործն ու թողած ժառանգությունը մեր պետության, պետականության համար անուրանալի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Վազգեն Սարգսյան

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ուղերձ է հղել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի հերոս, հաղթանակ կերտած Սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան:

Շնորհավո՛ր տարեդարձդ հայ ժողովրդի հերոս զավակ:

Օրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան:

Վազգեն Սարգսյանի արած գործն ու թողած ժառանգությունը մեր պետության, պետականության համար անուրանալի է:
Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է հայոց բանակաշինության, պետականաշինության գործում:
Վազգեն Սարգսյանն անհատ էր, որն օժտված էր առանձնահատուկ ունակություններով, նրա միտքն արագ էր, խոսքը հստակ, ծրագրերը իդեալական որոշված, գործն արդյունավետ:

ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը վստահեցնում է եւ կրկին անգամ փաստում՝ մենք հավատարիմ ենք քո պատգամներին, մենք շարունակողն ենք քո կիսատ թողած գործը: Գիտակցելով մեր պատասխանատվությունը ժողովրդի եւ պետության առջեւ մենք՝ երկրապահներս, այսօր էլ ավելի համախմբված մեր պետության, մեր բանակի կողքին ենք: Այսօր մեր կողքին են նաեւ երիտասարդ ու պատանի սերնդի ներկայացուցիչներ, ովքեր եւս պատրաստ են շարունակել քո պատգամը:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պատմության էջերում արդեն բավական շատ են ցավոտ դրվագները: Ոգեշնչվելով Վազգեն Սարգսյանի նման հերոս հայորդիների կենսագրություններով, նրանց կերտած հերոսություններով մենք պետք է հերթական անգամ փառքով հաղթահարենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները:

Մենք անշուշտ կգրենք նվաճումներով, նորանոր ձեռքբերումներով հարուստ մեր նորօրյա պատմությունը:
Կրկին անգամ շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ Վազգեն Սարգսյան,
Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ.

Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Խաղաղություն մեր երկրին», - նշված է ուղերձում։

--0--ԱՀ