Վազգենի գարունը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

1
                                                Լուսանկարը՝ Սարգսյանների ընտանեկան պահոցից

«Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին»։ 

«Փոքրիկ Իշխանը», Էքզյուպերի

 

Կան էություններ, որոնք դուրս են մարդկային սահմանափակումներից, և իրենց նշանակության խորության հատակը մնում է անհասնելի մարդկանց համար։ 

Նրանց կյանքը չի սկսվում «ծնվեց մի օր և ավարտվեց մեկ այլ օր» միով բանիվ մեծամասնության համար տարածված  չափումներով։ Այլ ծնունդ է առնում մի անգամ աշխարհի վրա և այլևս չի վերջանում՝ ապրելով ընդմիշտ, ապրեցնելով հավերժորեն։ 

Այդպիսինները սյուներ են մարդու, պետության ու աշխարհի միակապակցված գոյությունների կանգունության համար։ 

Վազգենն իր կյանքի գարնանը ծնվեց, երիտասարդության ամառը ապրեց և չվայելեց նահապետի աշունն ու ծերունու ձմեռը։ Այսպես ստացվեց, և դա իր իմաստն ունի, որովհետև դեռ Մենանդրոսն է ասել, որ «Աստվածների սիրելիները լքում են աշխարհը երիտասարդ»։ 

Վազգենի մեջ կիսատություն չկա։ Պատմության շառավիղներում դեռևս ոչ ոքի չի հաջողվել երկրային մեկ ժամանակի ընթացքում լրացնել բոլոր ծրագրերը, ավարտին հասցնել գլխավոր նպատակը և ամբողջովին իրականացնել գաղափարը։ Շահել ու առավելություն են պահպանում այն պետությունները, որոնք իրենց առաջնորդների գործը շարունակում են։ 
Եվ Վազգենը ամբողջական է, քանի որ, բացի անկախ պետության ու բանակի հիմքերը դնելուց և զորացնելուց, նա նաև գաղափարախոս է։ Իր արժեհամակարգը մեր ժառանգությունն է` անանց և անքանդ։ Այն ժամանակի սահմաններից դուրս է և կենսունակ ու արդիական բոլոր ժամանակների համար։ Հատկապես մեր ջարդված ճանապարհի այս քանդված օրերում վազգենականությունը վերանորոգման ճշգրիտ նյութ և ճանապարհային շիտակ քարտեզ է հանդիսանում։ 

Հարցը Վազգենից հեռանալու, նրան կորցնելու և դեպի իրեն վերադառնալու, գտնելու մեջ է։ Խնդիրը Վազգենին ճիշտ հասկանալու մեջ է։ 

Այն հասարակությունը` հատկապես մտավորականությունը, որը չի ընկալում իր մեծերին կամ սխալ է հասկանում նրանց և այդպես իր միջով անցկացնելով՝ մատուցում է ժողովրդին, դատապարտում է ազգին աղետի։ Յուրաքանչյուր խոշոր պետական անհատ երկրի և մարդկանց ուղեցույցն է, և նրա կերպարի աղճատումը պետական հանցագործություն է։ 

«Ո՞վ է Վազգեն Սարգսյանը» հարցին ինքը պատասխանում էր «կգա ժամանակը, դուք կասեք» խորհրդավոր ձևով։ 

Վազգենի մասին հիմա խոսում են բոլորը` ափսոսելով, կարոտելով, պահանջը զգալով, բայց ոչ ոք չի ուզում ընդունել իր կատարած սխալը հետվազգենյան շրջանում և գալ այն սահմանին, որտեղ կանգնեց Վազգենի ժամանակը։ 

Վազգեն Սարգսյանի սպանությամբ կողոպտվեց մեր անկախությունը։ 

Եվ այսօր՝ իր ծննդյան օրը, մենք, բացի ամոթից, ոչինչ չունենք զեկուցելու նրան, ով իրեն զոհասեղանին դրեց հանուն մեր պատվով ապրելու կյանքի։

Նրա գոյությունը մի տևողություն էր, որը ապահովում էր բոլորիս արժանապատիվ ու անվտանգ ներկան և խոստումնալից ապագան, գալիս էր հաղթական անցյալից, իմաստովորում էր հայկական լինելիությունը։ 
Վազգենից հետո պետությունը կորցրեց իր գերխնդիրն ու նպատակը և իջավ կենցաղային ցանկությունների մոլուցքի մակարդակին։ Կյանքի մոտիվը մնաց միայն սոցիալականը, այն էլ` մեկը մյուսի հաշվին։ Այսպես չեն ապրում նույնիսկ ցեղերը, որոնք գոնե ավանդույթ են պահում և իրար են սատարում։ Այսպես ապրում են դատապարտված ազգերը` իրենց թագավորների, մարգարեների, իմաստունների, մեծերի գլխակեր և մերժող։ Սա քեզ ազատությունից քո ձեռքով դեպի ստրկություն տանող պատմական ճանապարհն է. թշնամուն՝ ձեռնտու, քեզ համար՝ մահացու, տերերիդ՝ կորցրած, օտարին՝ հպատակ։ 

Վազգենի առանձնահատկությունը ժամանակի տեսողությունն էր և տիրոջ հոգեբանությունը։ Նրա նպատակը ոչ թե իշխելու հաճույքի մեջ էր, այլ ծառայելու առաքելության։ Ինքը կամքի կենտրոն էր, որի մենակյաց վճռականությունը հուսահատություն չէր ճանաչում, և իր առանցքի շուրջ էր հավաքում կարողությամբ օժտվածներին, մեծացնում էր շրջանակը։ Իրենից հետո առաջացած վակումը ոչ ոք ի զորու չեղավ լրացնելու` նույնիսկ մոտիկ չեկան, որովհետև ոչ այդ կամքը կար, և նպատակներն էին ուրիշ ու անձնազոհության նվիրյալությունն էր բացակայում։ 

Եվ 1999 թ. հոկտեմբերի 27֊ի կրակոցների արձագանքը ստացանք 2020-ի պատերազմի ձևով ու պարտության տեսքով։

Բայց այսօր խոսքը ավարտի օրվան չի վերաբերվում, այլ ծննդյան առիթով է ասվում, ծնունդ, որի կյանքը ցավոք մեր մեջ ֆիզիկապես ավարտվեց, սակայն շարունակվում է հավիտենականության մեջ ու չի կորցնում նշանակությունը աշխարհի վրա։ Մտածելով Վազգենի մասին՝ մենք մտորում ենք այս երկրի մասին, խորհելով Վազգենի՝ մինչև վերջ պայքարող կերպարի մասին՝ ոգեղենությամբ ենք լցվում այսօրվա վիճակը շտկելու, վաղը ապագա ունենալու համար։ 

Վազգենի բոսորագույն կյանքը վառվեց բոլորիս պետականավայել կյանք ունենալու համար։ 

Մեզ մնում է իր հետքի վրա ընկել և հետևել նրա հավերժությունից բոցկլտացող ճրագին։ 

Կյանքի իմաստը անցյալը հասկանալու ու ներկայում արարելն է, գնահատելն անհատներին և շարունակելը նրանց. սա է քաղաքակրթության շղթայի անքակտելի շարունակության երաշխիքը։ Պատմության հետ մեր կոտրված կամուրջները պիտի վերակառուցենք, անցյալի պաշարից անընդհատ սնվենք, որովհետև ապագան չի լինում նորովի, այն պատմության արտացոլանքն է` ժամանակի յուրահատկություններով խտացած։ Խնդիրը, թե դու այդ ամենին ոնց ես մոտենում։ Մեր դեպքում տեսանք անխնամ ու անփույթ վերաբերմունք, բայց եթե ապրում ես ու թանկ է կյանքը քեզ համար հենց քո հայրենիքում (զուտ կենցաղային առումով ապրելը միշտ էլ կարող է ձեռնտու լինել մի այլ` օտար տեղում) ուրեմն պիտի գիտակցես, որ պարտականություններդ հանուն ընդհանուր շահի ավելի շատ պիտի լինեն, քան զբաղմունքդ՝ ուղղված քո ես֊ի բարգավաճմանը։ Երբեք ուշ չի դարձի գալու համար։ 

Վազգենը մեր պետության գարունն է` ծաղկման շրջանում ընդհատված։ 
Եվ գարունը, որ բնության զարթոնքն է խորհրդանշում, մեր երկրի համար պիտի վերածնվի Վազգենի տեսքով, ձևով ու էությամբ։ Ոչ թե անհայտ սկզբից, այլ` ընդհատված հայտնի եզրից։ Սա է արդարության վերականգնման նախապայմանը։ 

Ռուբեն Վարդանյան 
պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ