Խաղաղապահներն Արցախի Նորշենը կհսկեն գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Ռուս խաղաղապահները խոստացել են 1 ամիս Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի վարչական տարածքի սահմանամերձ հատվածներում հսկողություն իրականացնել, մինչև գյուղատնտեսական աշխատանքների եռուզեռը թուլանա, հետո արդեն ինչ-որ մի լուծում գտնեն։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական սադրանքներին։

Ըստ Հակոբյանի՝ ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի օրինակով այս անգամ էլ մարտի 4-ին կրակել են Նորշենի ուղղությամբ, հետո բարձրախոսով կոչ արել գյուղացիներին լքել այն, այլապես բռնի ուժ կգործադրեն գյուղի տարածքից նրանց հեռացնելու համար: «Ամբողջ գյուղը դաշտերում աշխատում է, ադրբեջանցիները մտածում են այդ կերպ խուճապ առաջացնել, բայց գյուղացիներն ասել են, որ որևէ խուճապ չի առաջացել, անմիջապես շրջվարչակազմը, ռուս խաղաղապահներն են արձագանքել։ Երեկ չեն կարողացել աշխատել, բայց ադրբեջանցիների կոչերին, գոռում-գոչյուններին էլ ուշադրություն չեն դարձնում, խուճապ չի առաջանում», - ասաց պատգամավորը։

«Պայմանավորվել եմ, եթե էլի նման բան կրկնվի, գյուղի բնակիչներն ինձ կզանգեն, եթե չեն զանգել, ուրեմն դեռ խնդիր չկա», - նշեց Մետաքսե Հակոբյանը։

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը 24News-ին ասաց, որ արձակուրդի մեջ է, շրջանում չէ ու հրաժարվեց թեմայի շուրջ որևէ տեղեկություն փոխանցել։ «Նման հարցերը բանակից ճշտեք», - ասաց նա ու անջատեց զանգը։

Արցախի պաշտպանության բանակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

--00--ՍԳ