Տիգրան Սարգսյանի գաղափարը՝ ստեղծել Եվրասիական ոսկերչական միասնական բրենդ, կյանքի է կոչվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

տնտեսական
2018 թ-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այդ օրերի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով սկսվեց կյանքի կոչվել ԵԱՏՄ տարածքում տարբեր միասնական բրենդների ձևավորման գործընթաց, որի խնդիրն էր խթանել տնտեսության ճյուղերը։

Նրանցից մեկի՝ ոսկերչական բրենդի ձևավորման աշխատանքները, որի հիմնական խնդիրն էր աշխարհին ներկայանալ ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական ընկերությունների մեկ հիմնական դեմքով, սկսվեց անմիջապես։ Ներկայացնելով գաղափարը՝ Սարգսյանը բացատրել էր, որ մասնավորի և ԵԱՏՄ ղեկավարման օղակների համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի մշակել միասնական որակի չափանիշներ, առաքման ենթակառուցվածքներ ու մարքեթինգային չափորոշիչներ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ոսկերչական իրերի արտահանումը հասցնել 1 մլրդ 350 մլն դոլարի՝ ավելացնելով ծավալները գրեթե ութ անգամ։

Սարգսյանի այս գաղափարից գրեթե 4 տարի անց Եվրասիական ոսկերչական բրենդի ուղղությամբ տարվող աշխատանքները հասել են իրենց վերջնական փուլին։ Ինչպես 24News-ին ասաց Եվրասիական ոսկերչական բյուրոյի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, մինչև տարվա վերջ կավարտվեն բրենդի ձևավորման և գործիքների սահմանման աշխատանքները։ 

Եվրասիական ոսկերչական բյուրոյում ներկայացվում են ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերության ներկայացուցիչները: Մկրտչյանն ասաց, որ մոտ 1 ամիս առաջ ավարտվել է բյուրոյի ձևավորման աշխատանքը։ 

«Բյուրոն բրենդի ձևավորման աշխատանքներով է զբաղվում։ Բյուրոյի ղեկավարման մարմիններն են ձևավորվել, որոնք ձեռնամուխ են եղել ռազմավարության մշակմանը։ Բրենդն իր մեջ պետք է ներառի հումքերի լավագույն տեսակներից մինչև ԵԱՏՄ տարածքում գոյություն ունեցող ոսկերչական լավագույն ավանդույթները։ Բյուրոյի ղեկավար է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչը։ Ղեկավարն ընտրվում է 2 տարին մեկ փոխվելու ընթացակարգով, այբբենական կարգով»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Բյուրոյի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին անդամ (նախարար) Կարինե Մինասյանն է։ Նախագահի պաշտոնը քիչ ավելի ներկայացուցչական է, որը զբաղվում է արտաքին կապերով։ Բյուրոյի խորհրդի (наблюдательный совет) նախագահ քվեարկությամբ Ռուսաստանի ներկայացուցիչն է ընտրվել՝ ՌԴ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արդյունաբերության պետական կարգավորման վարչության տնօրեն Յուլիա Գոնչարենկոն։ Բյուրոն ունի նաև գործադիր տնօրեն, որի նստավայրը Նուրսուլթան քաղաքում է։ «Ղազախստանն առաջարկեց, որ բյուրոյի հիմնական գրասենյակը՝ գործադիր մասը, Նուրսուլթանում լինի», - նշեց Գագիկ Մկրտչյանը։

հասարակական

Էկոնոմիկայի նախարարի խորհրդականի խոսքերով՝ եվրասիական ոսկերչական աշխատանքների մեջ ներգրավված են լինելու ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, պետական կառավարման մամինները։ 

Բյուրոյի ղեկավարը երեք խնդրի լուծում է առաջարկում.  պետք է լուծել հումքային խնդիրները ԵԱՏՄ ընկերությունների համար, քանի որ հաճախ ԵԱՏՄ-ից դուրս 3-րդ երկրների բիզնեսմենները հումքերին ավելի լավ հասանելիություն են ունենում,  մինչև արտահանումը պետք է զբաղվել ներկրման փոխարինելիության հարցերով, քանի որ էքսպանսիա է լինում այլ երկրներից, որոնք բավական լավ են դիրքավորված ԵԱՏՄ տարածքում, օրինակ՝ Թուրքիան, Թայլանդը և երրորդը՝ արտահանում ապահովել չինական խոշոր շուկայում։

«Նաև շատ ենք կարևորում ներգրավել սփյուռքահայ ոսկերչական ներուժը, որի մի մասն արդեն Հայաստանում է, իսկ մի մասն էլ, որ մեծ փորձ ունի արտահանման մեջ, տեսնելով զարգացումը, կրկին ներգրավվի։ Ցանկանում ենք ներգրավել մի շարք գործիքներով՝ հումքային բազա, վարկային գործիքներ, Եվրասիական բանկի աջակցություն և այլն։ Բյուրոն պետք է աջակցի ոսկերիչներին՝ ավելացնելու իրենց արտադրության քանակը, որակը, տրամադրել հնարավոր լծակներ՝ արտահանումը ավելացնելու համար, թեթևացնել նրանց մրցակցային պայմանները, որպեսզի կարողանան շատ ավելի հեշտությամբ 3-րդ երկրներ դուրս գալ՝ վաճառքն ու արտահանումն ավելացնելու համար։

Մկրտչյանն ասաց, որ հայկական ոսկերչական ընկերությունները առաջատար դիրք, խորն ավանդույթներ ունեն, իսկ ոսկերչական ընկերության արտադրանքի բրենդավորումը կլինի ըստ ցանկության։ «Եթե ընկերությունն աջակցությունը ստանում է ԵԱՏՄ-ից և եթե գտնում է, որ Եվրասիական բրենդը պետք է նշվի արտադրանքի վրա, ապա կնշվի։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակն է կոնսոլիդացնել, ինտեգրել այս ընկերությունների փորձը, հնարավորությունները, հումքային բազան, մարքեթինգային գիտելիքները և այլն»։

«Բյուրոն ունի նաև կոորպորատիվ քարտուղար, որին հանձնարարականներ են տրված հասարակությանը պարբերաբար տեղեկացնել՝ ո՞ւր ենք ասել, ի՞նչ ենք արել։ Մեր առջև նաև խնդիր ենք դրել առանձին կարճ պիլոտային ծրագրերով, ենթադրենք՝ ամեն տարի 3 հատ, փորձել որևէ խնդիր դնել ու լուծել որևէ ընկերությունների խմբի համար։ Գնահատականները կլինեն շատ շուտով, կարծում եմ՝ մինչև մայիս ամեն ինչ պատրաստ կլինի։ Որից հետո բոլոր ընկերություները կտեսնեն, որ արդյունավետ է այս բյուրոյի էգիդայի ներքո հանդես գալը»,-հավելեց նա։