Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հասարակական

Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:

«Որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Ադրբեջանը մնացել է նույնը, նպատակները` ևս: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին և ասեմ ձեզ՝ պատրաստ ենք»,-վստահեցրեց Բաբայանը:

Խոսելով Արցախի ամբողջ տարածքում մարտի 8-ից գազամատակարարման բացակայության և ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների մասին՝ Արցախի արտգործնախարարն ասաց, որ ամեն ինչ արվում է՝ գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

«Արցախը դեռևս շարունակում է մնալ առանց գազամատակարարման»,-հավելեց նա:

--00--ԿԿ