Եվրոպան շատ է կախված ռուսական գազից, սպառում է 400 մլրդ մ3, որի 40 տոկոսն ապահովում է ՌԴ-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

տնտեսական

Եվրոպան շատ է կախված ռուսական կապույտ վառելիքից, և բոլոր միջազգային, ուղեղային կենտրոնների հետազոտությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան լավագույն դեպքում տարեկան կարող է կրճատել ռուսական բնական գազի ներկրման ծավալն ընդամենը 50 միլիարդ մ3-ով։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական էսկալացիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ էներգետիկ ոլորտում արևմտյան պատժամիջոցներին։ 

Վահե Դավթյանի խոսքերով՝ պետք է սեգմենտավորել Արևմուտքը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, անգլո-սաքսոնական աշխարհ ու Եվրոպական Միություն, «որոնց շահերը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ չեն համընկնում էներգետիկ քաղաքականության ոլորտում»։

«Երեկ Բայդենը հայտարարեց, որ ամբողջովին դադարեցնում են ռուսական ածխաջրածինների ներկրումը, չնայած որ ռուսական ածխաջրածինների կշիռը մեծ էր ԱՄՆ շուկայում։ 2 տարվա ընթացքում Ռուսաստանը հաջողացրել էր հատկապես ծանր նավթի մատակարարման մասով 3-րդ տեղը զբաղեցնել Կանադայից և Մեքսիկայից հետո։ Սա պայմանավորված էր նրանով, որ Վենեսուելայից ԱՄՆ ներկրումները դադարեցվել էին կրկին պատժամիջոցների ներքո։ Հիմա ԱՄՆ-ն 2 օր բանակցում է Վենեսուելայի հետ, համաձայնության են եկել, բայց դեռևս դրա մասին չի հայտարարում։ Հատկանշական է, որ այս բանակցություններից հետո է ԱՄՆ-ը հայտնում ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին», - ընդգծեց փորձագետը։

Վահե Դավթյանը նշեց, որ ԵՄ-ն տարեկան սպառում է 400 միլիարդ մ3 գազ, որի 40 տոկոսն ապահովում է ՌԴ-ն։ «Օրինակ` 2021 թվականի դրությամբ ՌԴ-ն մոտ 155 մլրդ մ3 գազ է արտահանել Եվրոպա։ Որպեսզի Եվրոպան անգամ կարողանա 50 միլիարդ մ3 -ով գազի ներկրումը նվազեցնել, պետք է հրաժարվի էկոլոգիական օրակարգից, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի հիմնադրույթներից՝ զարգացնելով սեփական գազի արդյունաբերությունը և նաև բացելով ածխի, քարածխի հանքավայրերը։ Դրա մասին Լեհաստանը հայտարարել է, բայց սկզբունքորեն եվրոպացիները դեմ են հանդես գալիս դրան։ Այսինքն՝ կախվածությունը բավականին մեծ է ՌԴ-ից։ Եվ նույն Բայդենը և Սպիտակ տունը հրաժարվելու մասին որոշումը կայացնելուց հետո հայտարարեցին, որ փոխըմբռնումով են վերաբերվում եվրոպացիների կողմից ռուսական ածխաջրածինների ներկրմանը»։

«Եթե խոսենք ավելի ֆինանսական մակարդակով, տեսեք, երեկ ԱՄՆ-ի կողմից այդ որոշումը կայացվեց, բայց ի՞նչ տեղի ունեցավ․ ռուսական թրեյդերները սկսեցին ռուսական նավթը հատկապես ասիական շուկաներում մոտ 30% դիսկոնտով վաճառել։ Այսիքն՝ այնպես չէ, որ Ռուսաստանը շատ մեծ բան է կորցնում։ Գուցե կորցնում է ծավալների արտահանման մասով, բայց վերադասավորվում է։ Եվ գազի գնի բարձր լինելու պարագայում իր համար պահովում է որոշակի կոմպենսացնող բարձիկ։ Եվ թրեյդերները շատ լավ դրան նպաստում են, հատկապես ասիական շուկայում։ Ե՛վ Հնդկաստանը, և՛ Չինաստանը և մի շարք այլ խոշոր սպառողներ շարունակում են ներկրել ռուսական նավթն ու գազը, և կարծում եմ՝ այս իրավիճակից առավել օգտվելու են», - եզրափակեց Վահե Դավթյանը։

--00--ԿԿ