Ռուսական կողմն ադրբեջանական տեղաշարժն արգելափակել է, որ նորից սկսեն գազատարի շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Արցախ

Արցախում վնասված գազատարի շուրջ ադրբեջանական կողմի հետ երեկ տեղի ունեցած բանակցություններն արդյունք չեն տվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Մարտի 8-ի առավոտյան 09։47-ին «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ գիշերը ժամը  01:00-ի սահմաններում  տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն, ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում հաջորդ օրն աշխատանքները սկսելու համար։ Ամբողջ Արցախն այժմ զրկված է գազից։

Պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ երեկվա բանակցություններն արդյունք չեն տվել, և վերանորոգման աշխատանքներ չեն սկսվել։ «Չենք կարողանում մոտենալ, պայթյուն լսել են քաղաքում, բայց հստակ չէ՝ ադրբեջանցինե՞րն են պայթեցրել, թե ոչ։ Սա Ադրբեջանի կողմից հերթական սադրանքն է, որ չեն թողնում մոտենալ ու սկսել գազատարի վերանորոգման աշխատանքները։ Չթողնելը տրամաբանորեն մեզ թույլ է տալիս մտածել, որ իրենց կողմից է վթարը կազմակերպվել։ Եվ սա առաջին դեպքը չէ, լույսի հետ կապված էլ են նման խնդիրներ լինում, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված էլ, որ ամեն անգամ կրակում են Խրամորթի ուղղությամբ։ Ադրբեջանը ցանկացած հնարավորություն օգտագործում է արցախահայությանը պրոբլեմի առջև կանգնեցնելու համար», - ընդգծեց նա։ 

Գալստյանն ասաց, որ վնասված հատվածը Շուշիի այն մասում է, որն ադրբեջանական վերահսկողության տակ է՝ Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում։ «Այսօր էլ, ըստ իմ տեղեկությունների, ռուսական կողմն ադրբեջանական կողմի տեղաշարժը միջանցքով ու Արցախի վերահսկողության տակ գտնվող ճանապարհներով արգելափակել է, որ նորից սկսեն բանակցությունները։ Մանրամասն տեղեկություններ չունեմ բանակցությունների մասով»։

Ինչ վերաբերում է գազատարի այլընտրանքային ուղիներին, ապա պատգամավորի խոսքերով՝ դա մեծ ծախսերի հետ է կապված։ «Ես չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ-որ հատված լինի, որ ադրբեջանցիների համար հասանելի չլինի»։

Գալստյանի համար նաև խնդրահարույց է Արցախի, Հայաստանի իշխանությունների «լռությունը»։ «Մեր իշխանությունները, Հայաստանի իշխանությունները որևէ դատապարտող գործողության չեն դիմում, չեն դատապարտում, որ Ադրբեջանը խոչընդոտում է և հնարավորություն չի տալիս գազատարը վերանորոգել», - եզրափակեց նա։

--00--ԿԿ