Քրեական ոստիկանության ծառայողները տարբեր տեսակի թմրամիջոցներ ու զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

 

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Նրանք օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Նախ փետրվարի 28-ին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը Արմավիրի մարզի բնակիչներ էին։

Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, մյուս արմավիրցու խուզարկությամբ՝ մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մի քանի գրամ մեթամֆետամին, մարիխուանա, կանեփի սերմ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ և այլն։ Նա կալանավորվեց։

Մյուս բացահայտումը մարտի 3-ին էր։ Այս դեպքում ևս բաժին բերման ենթարկվեցին 56-ամյա երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց 24 գրամից ավելի մեթամֆետամին։ Նա ևս կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում՝ տվյալներ ձեռք բերվեցին, որ մեթամֆետամինը փոխանցել էր Գորիսի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։

Մարտի 9-ին էլ նա հայտնաբերվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում գորիսցի տղամարդը ձերբակալվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00--ՍԳ