Ապտակ՝ ադրբեջանական դիվանագիտությանը. ԵԽ ընդունած բանաձևի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վատ լուր Ադրբեջանի համար։

Եվրոպական խորհրդարանը 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ ձայներով ընդունեց Արցախում մշակութային ժառանգությանը նվիրված շատ կարևոր քաղաքական նշանակություն ունեցող բանաձեւ, որով մի քանի ուղղությամբ խիստ դատապարտում է Ադրբեջանին, և որի ընդունումը շատ ուժեղ ապտակ էր ադբեջանական դիվանագիտությանը:

Բանաձևի ընդունման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարել Դավիթ Շահնազարյանը, իսկ «Հանրապետական» կուսակցությունն ու ես փորձել ենք լավագույնս աջակցել և առաջ տանել այս բանաձևը:

Բանաձևի մասին Ադրբեջանի դեսպանատունն իմացել է մարտի 2-ին, որից մեկ օր անց Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը մի հիստերիկ նամակ էր ուղղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ պահանջելով հանել այդ բանաձևում, իր բնորոշմամբ, պրոհայկական ձևակերպումները:

Այդ նամակի պատճենն իմ տելեգրամյան ալիքում՝ @melikadamyan2, հրապարակված է:

Բանաձևում հստակ գնահատականներ են տրվում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությանը, անգամ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առաջարկներ են արվել:

Քննարկումներն անցել են բավական բուռն:

Եվրոպական խորհրդարանում կա քաղաքական կոնսենսուս առ այն, որ Արցախի մշակութային-հոգևոր ժառանգությունը վտանգված է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով:

Բանաձևը հստակ շեշտում է, թե նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ քանի հայկական հուշարձան է անցել, պատերազմի ժամանակ ինչ վայրագություններ են արվել, մասնավորապես Ղազանչեցոցի գնդակոծումը, Ալիևի «քաջագործություններն» են հիշատակված՝ հայկական Ծակուռի հետ կապված:

Հատուկ շեշտվում է, որ ադրբեջանցիները ոչ միայն փորձում են ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, այլ կեղծ ալբանիզացման պրոցես է գնում:

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է նաև Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունն Արցախում և շրջակայքում, ինչը միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշման խախտում է:

Եվրոպական խորհրդարանն արձանագրում է, որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն, քրիստոնեական ժառանգության մաս են կազմում:

Արձանագրվում է նաև Բաքվի հայատյաց քաղաքականությունը որպես պետական քարոզչություն:

Ադրբեջանին կոչ է արվում հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից:

Կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բարեխիղճ բանակցություններ վարել ԼՂ վերջանական կարգավիճակի վերաբերյալ:

Ի՞նչ օգուտ նման «թղթերից»:

Եթե մենք ունենայինք հայրենասեր իշխանություն, այս թղթերը կդառնային տրցակ, հետո՝ քաղաքականություն, կձևավորվեր միջազգային տրենդ, միջազգային ուղղություն:

Այդ ուղղության հիման վրա կձևավորվեր միջազգային հանրության կարծիք, միջազգային ինստիտուտների գործիքակազմ և հնարավոր կլիներ հասնել կոնկրետ լուծումների ու Ադրբեջանի վրա բանեցնել ճնշումներ:

Բայց մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում, երբ Արցախում սահմանային լարվածություն կա, վիրավորներ ունենք, Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ ու հերթական ստերն է տարածում՝ նշելով, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:

Այս կեղծիքը ևս բացահայտել եմ՝ կարող եք ապացույցները դիտել իմ @melikadamyan2 տելեգրամյան ալիքում:

Պետություն չունենք, բայց ունենք ազգային շահերին նվիրված ու ծառայող գործիչներ:

--00--ՍԳ