Քերոբյանն ու Կատարի մունիցիպալ կառավարման հարցերի նախարարն անդրադարձել են պարենային անվտանգությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

 Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Վահան Քերոբյանը շրջել է Հայաստանի տաղավարով, ծանոթացել այնտեղ ցուցադրվող հայկական արտադրանքին։

AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքով շրջելուց հետո, Հայաստանի  էկոնոմիկայի նախարարը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի կարևորությանը և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների հնարավորություններին։

Նախարար Քերոբյանը կատարական կողմին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և հստակեցնելու համագործակցության ուղղությունները։

Կատարական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորության վերաբերյալ։ Ներդրումների համար, որպես հետաքրքիր ուղղություն, նախարար Քերոբյանն առանձնացրել է Հայաստանում ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը՝ նշելով, որ դրանք ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արագ զարգացող ուղղություններ են։ 

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։

--00--ՄՀ