ԵՊՀ ռեկտորը ցանկանում է դառնալ ռեկտորների խորհրդի հավերժ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

․
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ավարտվել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մի շարք բուհեր, այդ թվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի նշան բողոքի դուրս են եկել ռեկտորների խորհրդի կազմից և նիստից:

Ինչու, որովհետև դեռ նախորդ տարի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում փոխատեղման՝ ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով: Վիճակահանությամբ որոշվել էր խորհրդի նախագահության հերթականությունը: Բայց ահա ԵՊՀ-ի նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է իրավիճակ փոխել եւ դառնալ ռեկտորների խորհրդի նախագահ՝ առանց ռոտացիայի՝ մշտական:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր կայացած նիստի ժամանակ մի շարք ռեկտորներ հրաժարվել են իրենց կողմից կայացված նախորդ որոշումից՝ համաձայնելով ԵՊՀ ռեկտորին հավերժ խորհրդի նախագահ կարգել:

Սակայն հայկական ամենախոշոր 4 բուհերի ռեկտորները՝ Արմեն Մուրադյանը (ԵՊԲՀ), Կարինե Հարությունյանը (Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան), Դիանա Գալոյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Եղիազար Վարդանյանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) որոշել են տեր մնալ իրենց կողմից կայացված նախորդ որոշմանը, պահպանել սկզբունքները և հրաժարվել դառնալ ԵՊՀ կամակատարը: 4 ռեկտորներ չեն լինելու այլևս ռեկտորների խորհրդի կազմում՝ խորհրդի իմաստն ու բովանդակությունը կասկածի տակ դնելով:

--00--ԱՀ