Խաղաղապահներն Ասկերանի ուղղությամբ ադրբեջանցիների հետ բանակցություններ են վարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Արցախ

Արցախի Ասկերանի շրջանի գյուղերի ուղղություններով ադրբեջանական կողմի՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների հարցով բանակցություններ են վարվում ռուսական կողմի միջնորդությամբ, այժմ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ասկերանի վարչական ղեկավար Արմեն Ղահրամանյանը։

Երեկ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը շարունակում է ռեժիմը խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ «Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում», - ասված էր հաղորդագրության մեջ։

Ասկերանի ղեկավար Արմեն Ղահրամանյանն ասաց, որ ադրբեջանական կողմի հետ ռուսական խաղաղապահների բանակցությունների մանրամասները գաղտնի են․ «Իհարկե բանակցություններ վարվում են, քայլերի մասին չեմ կարող ասել՝ ի՞նչ ենք անում, որովհետև դրանք ավելի շատ գաղտնի են»։

Ըստ նրա՝ քանի որ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, ուրեմն բանակցություններից արդյունք կա։ 

Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը 24News-ի հետ զրույցում նույնպես մանրամասներ չհայտնեց ռուսական և ադրբեջանական կողմերի միջև բանակցությունների մասին։ «Արդյունքների մասին հետո կիմանաք», - նշեց նա՝ հավելելով, որ իրավիճակը հանգիստ է։

Նշենք, որ Արցախում ադրբեջանական զինուժի մարտական դիրքերին սահմանակից հողերում գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, քանի որ ադրբեջանցիներն հաճախակի սադրիչ գործողությունների են դիմում՝ կրակում են նրանց ուղղությամբ, բարձրախոսներով կոչ են անում հեռանալ բնակավայրերից։

--0--ԿԿ