Արցախում գազ չլինելու պատճառով էլեկտրաէներգիայի ցանցը ծանրաբեռնվել է, հաճախ հոսանքն անջատվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

գազ

«Արցախում արդեն վեց օր գազ չլինելու պատճառով հոսանքի տատանումներ են առաջացել, տարբեր համայնքներում պարբերաբար հոսանքը անջատվում է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը:

«Գազը դեռևս չի վերականգնվել, հիմնականում բնակարնները և հիմնարկ- ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիանով, այդ պատճառով ցանցը ծանրաբեռնված է, հաճախ տատանումներ են լինում:

Արդեն երեք օր է՝ հոսանքը հաճախակի անջատվում է, երեկ ամբողջ Հանրապետությունը հոսանքազրկված էր, կարճ ժամանակ անց համայնքներում վերականգնվեց, այսօր հոսանքը կա, բայց գազը դեռևս չկա, շարունակում ենք դիմադրել նաև այս փորձությանը: Գազի վերականգնման շուրջ բանակցությունները շարունակվում են, այլ տեղեկություն չունեմ, գազամատակարարումը մեր տիրույթում չէ»,- նշեց Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Հունան Թադևոսյանը նշեց, որ, բարեբախտաբար, իրավիճակը արդեն երկու օր է՝ հանգիստ է:

Հիշեցնենք, որ Արցախում՝ ադրբեջանական դիրքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է գազատարը, ադրբեջանական կողմը հայկական կողմին և ռուս խաղաղապահներին թույլ չի տալիս աշխատանքներ իրականացրել այդ հատվածում:

Հերմինե Միքայելյան